Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները

1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Մ․թ․ա․ VII դարի առաջին կեսին հայկական բարձրավանդակի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Սկայորդու իշխանությունը։ Այս իշխանությունը սեպագիր արձանագրություններում կոչվում է Արմե-Շուբրիա պետական կազմավորում։

2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Պարույր Սկայորդին Ասքանազյան իշխանության հիմնադիրն է մ.թ.ա. 673-ից: Սկայորդի իշխանի որդին: Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (Հարպագ կամ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր: Պարույր Սկայորդին միավորեց Վանա լճից մինչև Եփրատ գետն ընկած տարածքը, որից հետո Ասորեստանի դեմ դաշինք կնքեց Բաբելոնի և Մարաստանի հետ։ Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սկայորդի (Սպակայի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում: Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը: Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները: 

3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Ա Սակավակյացը եղել է Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։

4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Այդժամ հնարավոր չէր այլ քայլերի դիմել և այդ պատճառով ապստամբություն կազմակերպվեց Մարաստանի դեմ։ Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը կնքելով՝ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատեց նրա հետ և որոշ ժամանակ այս պետությունները մնացին տարացաշրջանի մեծագույներից երկուսը։

5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունի արձանագրությունը Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն տեքստ է։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թվականներին անգլիացի գիտնական Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնի կողմից։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը, որի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները։ Ընդարձակ տեղեկություններ կան Հայաստանում ապստամբության ընթացքի վերաբերյալ։

6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։  Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։  Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ։ Հայաստանը, լինելով պարսից XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և պարսից բանակին հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին։ Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են Պարսից տերության մղած պատերազմներին։ Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին։Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները՝ խնամիական կապերով կապված լինելով հանդերձ Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը։

7. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

«…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր:» Նա հայտնում էր, որ Հայաստանը բավականին հարուստ ու բարեկեցիկ սատրապություն էր և նա առաջին անգամ այստեղ տեսավ գարեջուրը։

Оставьте комментарий